38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Իշխանությունն է պատասխանատվություն կրում բոլորի, այդ թվում՝ ընդդիմության համար»

«Իշխանությունն է պատասխանատվություն կրում բոլորի, այդ թվում՝ ընդդիմության համար»
13.02.2015 | 00:13

«Իրատես de facto» ակումբի հյուր, ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ասուլիսից հետո պատասխանեց մեր հարցերին:

-ԵԱՏՄ-ի անդամակցությունը դրական ազդեցություն կունենա մեր կրթական համակարգի վրա, քանի որ ավտոմատ կերպով փոխճանաչման կենթարկվեն բոլոր կրթական փաստաթղթերը, որոնք մինչ այդ փոխճանաչվում էին հատուկ ընթացակարգերով: Ավտոմատ փոխճանաչումից զերծ կմնան գիտական կոչումները: Ինչ վերաբերում է հայերենի ճնշմանը ի հաշիվ ռուսերենի, ապա նման մտավախություններն անհիմն եմ համարում, քանի որ Հայաստանի կրթական համակարգն ազգային կրթության բովանդակությունն է ապահովում: Ինչ խոսք, մեր կրթական համակարգը զարգանում է միջազգային կրթական պահանջները հաշվի առնելով, սակայն դա արվում է մեր ազգային կրթական հենքը պահպանելով:
-Եթե խոսեցինք ազգային կրթական հենքից, ապա հետաքրքիր է՝ ի՞նչ է արվում ԵԱՏՄ անդամ երկրների և արտերկրի դպրոցներում Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պրոպագանդելու ուղղությամբ:
-Դուք գիտեք, որ ընդունվեց օրինագիծ, ըստ որի Կալիֆոռնիայի դպրոցներում Հայոց ցեղասպանությունն ընդգրկվեց պարտադիր դասընթացներում:
-Կալիֆոռնիայում կատարվածը «Հայ դատի» ձեռքի գործն էր, դրա համար էլ ուզում եմ հասկանալ՝ Ռուսաստանում ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
-Մեր ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը: Կարծում եմ՝ առաջիկայում տարբեր միջոցառումների շարք կունենանք։ Ցեղասպանությունը համայն մարդկության խնդիրն է, ինչը չպետք է անտեսվի որևէ ազգի կողմից, անգամ այն պարագայում, երբ Թուրքիան փորձում է աշխարհի ուշադրությունը շեղել՝ Հայոց ցեղասպանության օրը հռչակելով Գալիպոլիի ճակատամարտի օր:
-Դարեր ի վեր թուրքերն իրենց PR-ը աշխարհով մեկ իրականացնում են: Մե՞նք երբ պիտի կարողանանք դա անել:
-Կարծում եմ՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ընդունված Հռչակագիրը ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար է: Եվ մենք պետք է կարողանանք այս հռչակագրի բոլոր կետերը հասանելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում:
-Տիկին Մուրադյան, չե՞ք կարծում, որ մի կողմից հայ-ադրբեջանական սահմանում առկա լարվածությունը, մյուս կողմից ներքաղաքական սրված իրավիճակը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:
-Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, ուղղակի Ձեր հարցադրման մեջ հավասար պայմաններում չեն գտնվում իշխանությունը, ընդդիմությունը և մնացած քաղաքական ուժերը. յուրաքանչյուրն իր հատվածական քաղաքական շահն է առաջ տանում:
-Գուցե իշխանությո՞ւնը պիտի ինչ-որ զիջումների գնա:
-ՈՒզում եմ իշխանություններին չմեղադրել: Եվ ոչ նրա համար, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, այլ այն բանի համար, որ իշխանությունն է պատասխանատվություն կրում բոլորի, այդ թվում՝ ընդդիմության համար: Այսինքն, հարթությունները տարբեր են: Այսօր, եթե ներքին լարվածությունը հաշվի առնելով մենք միասնական չլինենք, ապա միջազգային հարթակներում մեր խնդիրները մի քայլ առաջ տանելու գործընթացը դատարկ կլինի: Ժամանակն է սթափվելու և հասկանալու, որ չի կարելի ներքին, անձնական շահերը վեր դասել երկրի շահերից: Իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են բաց երկխոսության, համագործակցության: Կարծում եմ, այս առաջարկը պետք է ընդունվի և փորձ արվի զարգացնել մեր երկիրը կառուցողական ձեռնարկներով:
-Աժ-ում վերջերս Դուք բարձրացրիք 12-րդ դասարանցիների հաճախելիության խնդիրը: Ի՞նչն է պատճառը, որ նրանք շատ են բացակայում դասերից, և արդյոք ԿԳ նախարարի պատասխանը Ձեզ դուր եկա՞վ:
-Անկեղծ ասած, հարցը հուզում է հանրությանը, և ԿԳ նախարարության մոտեցումներն արդարացված են: Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ «Հանրակրթության մասին» օրենքով աշակերտի վատ հաճախելիության պատասխանատվությունը դրվում է ծնողի վրա: Այստեղ շատ խնդիրներ կան, որոնց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ականջալուր է, նրա առաջարկով էլ ստեղծելու ենք դպրոցների տնօրեններից կազմված աշխատանքային խումբ: Կարծում եմ՝ այս հարցին համակարգային մոտեցում պետք է ցուցաբերվի:


Զրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 30270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ